Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ջիվանու 170-ամյակի առթիվ. Եվս մի մեղեդի

Ջիվանու 170-ամյակի առթիվ. Եվս մի մեղեդի
15.03.2016 | 11:45

Լրացավ հայ աշուղական ազգային դպրոցի հիմնադիր ՋԻՎԱՆՈՒ 170-ամյակը: Մտովի տեղափոխվեցի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան (ԳԱԹ):

Սայաթնովագետ, բանասիրության դոկտոր Հենրիկ Բախչինյանի հետ ջերմ, բարեկամական հարաբերությունը առիթ հանդիսացավ, որ սկսեմ ուսումնասիրել թանգարանում պահպանվող մեր մի շարք մեծ երաժիշտների պահոցները: Մասնավորապես մեծ էր հետաքրքրությունս 20-րդ դարի սկզբի, արևելքում հայտնի հայ նշանավոր վիրտուոզ-քամանչահար Սաշա Օգանեզաշվիլու (Ալեքսանդր Օհանյան) անձի և գործի հանդեպ: Ծանոթանալով այդ ականավոր քամանչահար-մանկավարժի, երգահանի նյութերին, զարմանում ես, որ չունենալով լիարժեք մասնագիտական կրթություն, ինչպես է կարողացել հասնել վիթխարի հաջողության: Իր բազմաթիվ փոքրիկ տետրակներում, որտեղ նա գրառել էր բավական թվով հայկական երգեր և պարեղանակներ, հանկարծ աչքիս ընկավ մի երգ՝ վերնագրված ռուսատառ «Շխալի»: Երգի խոսքերը նույնպես գրված էին ռուսատառ հայերեն, և կար համապատասխան նոտագրություն:
Ի զարմանս ինձ, երգը պատկանում էր, ոչ ավելի, ոչ պակաս, աշուղ Ջիվանուն:
Երգի հեղինակային պատկանելության հավաստիությունը հաստատում է այն, որ Օգանեզաշվիլին երգը գրառել է 1907-ին, Ջիվանու կենդանության օրոք (աշուղը մահացել է 1909-ին), և չէր կարող գրված լինել բանավոր աղբյուրից: Քառյակի իսկությունը ճշտելու համար դիմեցի բարեկամիս՝ Ջիվանու աշուղական դպրոցի հիմնադիր տնօրեն, երգիչ Թովմաս Պողոսյանին, որն էլ հաստատեց տեքստի Ջիվանուն պատկանելը (1906), տեղյակ չլինելով, սակայն, մեղեդու մասին:
Երգը պատմում է մի թիֆլիսահայ գործարարի՝ գործակատար Ստեփանի մասին, որին դավադրաբար սպանել են: Եվ աշուղը, ծանոթ լինելով ազգասեր հայորդուն, ծանր է տանում նրա կորուստը, ինչի արդյունքում ծնվում է այս երգը:
Առիթից օգտվելով ասեմ, որ ԳԱԹ-ում է պահվում Ջիվանու նշանավոր ջութակը, որը հաճախ հիշատակվում է նրա երգերում: Տեսնելով, որ ջութակն ունի բազմաթիվ վնասվածքներ, հանձն առա նորոգելու այն, որն այսօր ցուցադրվում է թանգարանի մշտական ցուցադրության մեջ: Սրան հետևեցին թանգարանի հարյուրից ավելի նվագարաններ, որոնք վերանորոգեցի շնորհիվ այն ժամանակվա տնօրեն Հենրիկ Բախչինյանի ընձեռած պայմանների:
Վերադառնալով երգին՝ հուսամ, որ մեծանուն աշուղի հոբելյանական այս տարում կհնչի այն (թեկուզ 110 տարի անց) որպես մեծն Ջիվանու անմահ քնարի մի նորահայտ մեղեդի:

Հակոբ ԽԱԼԱԹՅԱՆ
Հանրային ռադիոյի Արամ
Մերանգուլյանի անվան վաստակավոր անսամբլի մենակատար-քամանչահար

Դիտվել է՝ 1057

Մեկնաբանություններ